Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.
2) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը վերջին երեք տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 1998 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.
3) 1991թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաեւ մինչ այդ Հայաստանից դուրս բնակվող եւ այլ պետության քաղաքացիություն ձեռք չբերած ու մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հյուպատոսական հաշվառման կանգնած ծագումով հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները:
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:
Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 12. Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը
Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան, ում ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե նա, օրենքով սահմանված կարգով, վերջին երեք տարիներին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Առանց սույն հոդվածի առաջին մասով սահմանված բնակության ժամկետի պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, հայր կամ մայր.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում եւ, որը 18 տարին լրանալուց հետո երեք տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը ծագումով հայ է եւ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձը իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին:
Առանց սույն հոդվածի պահանջների պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետեւալ երդումը. «Ես՝ (անուն ազգանուն) , դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը եւ սովորույթները»:
Քաղաքացիություն ստացող անձը կարդում է երդման տեքստը հայերեն լեզվով եւ ստորագրում այն:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը եւ եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը իրականացվում է ներգաղթի եւ օրենքով սահմանված այլ դեպքերում Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Комментариев нет:
Отправить комментарий