Social Icons

пятница, 22 марта 2013 г.

Կենաց ծառ

Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները:
Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:

Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք:

Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.

Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:

Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորածին: Տեղին է նշել նաև ծիրանակիր բառը, որը նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան: Ծիրանի պետական իմաստի մասին են վկայում նաև այն փաստերը, որ աքքադացիները մեր միրգն անվանել են Արմանու, այսինքն՝ հայկական, իսկ իրեն աշխարհի չորս կողմերի տիրակալ համարող Աքքադի արքա Նարամսուենը Հայաստանն անվանում է Արմանոփ, որը նշանակում է Ծիրանեաց երկիր: Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի՝ կրկին հայկական մրգի և պետականության իմաստով և ի վերջո հռոմեացի պատմիչ Պլինիուս Ավագն այն անվանում է fructus armeniaka: Այստեղից էլ հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին: Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասին բաժանվում հեշտությամբ և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

Աղբյուրը՝
http://blognews.am/arm/news/35074/kenac-tsari-pashtamunqy-hayoc-ev-hin-arevelqi-zhoxovurdneri-patkeracumnerum.html

Комментариев нет:

Отправить комментарий